National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.09.2013
Տեղի ունեցան ԱԺ հանձնաժողովների նիստերը
1 / 3

Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Նա նշեց, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին » ՀՀ օրենքում լրացում կատարելը պայմանավորված է պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտի հարաբերությունների իրավակարգավորման անհրաժեշտությամբ: Փոխնախարարի խոսքով՝ պալիատիվ բժշկական օգնությունը եւ սպասարկումը՝ որպես բուժօգնության տեսակ, նոր երեւույթ է Հայաստանի Հանրապետությունում, եւ անհրաժեշտ է, որ այն լինի օրենքով կարգավորված: Պալիատիվ բժշկական օգնությունը ինչպես կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններով տառապելու դեպքում, այնպես էլ մահամերձ հիվանդներին, նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող համալիր օգնություն է: Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն՝ ընդգրկվելու Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 9-12-ի քառօրյա նիստերի օրակարգում:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին»ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը : Նա տեղեկացրեց, որ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչվելու է ուժը կորցրած:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին նաեւ «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» եւ հարակից մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթը : Հիմնական զեկուցող Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո ստացվել են առաջարկներ, որոնք մեծ մասամբ ընդունվել են, եւ ավելի հստակեցրել օրենքի նախագիծը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաեւ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արա Բաբլոյանը նշեց, որ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ:

Օրենքի նախագծերը ստացան դրական եզրակացություն՝ ընդգրկվելու հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի սեպտեմբերի 9-12-ի չորսօրյա նիստերի օրակարգում :

Հանձնաժողովը հաստատեց նաեւ 2013 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը:

Առաջարկվում է օրենքում լրացնել սեյսմիկ անվտանգության ապահովմանն առնչվող վերահսկման եղանակների եւ սկզբունքների կիրառումը, հստակեցնել եւ տարանջատել լիազորությունները` ամրագրելով սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները որպես պարտադիր լիազորություններ, կատարելագործել բնագավառը կարգավորող իրավական դաշտը, բարեփոխել «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Օրենքի նախագծով նախատեսվում է ապահովել կադրային ճկուն քաղաքականություն եւ քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնները համալրել որակյալ կադրերով: Մասնավորապես օրենքի նախագծով նախատեսվում է նույն ստորաբաժանման զինծառայողին, որը միաժամանակ բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները եւ այդ մասին տվել է գրավոր համաձայնություն, արտամրցութային կարգով նշանակել այդ պաշտոնին: Օրինագծով նախատեսվում է բարձրացնել թեստավորման առաջադրանքների համար սահմանված անցողիկ շեմը` 80%-ը փոխելով 90%-ով, ինչպես նաեւ հստակեցվում է հերթական ատեստավորման ժամկետը:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ազգային անվտանգության մարմինների հետախուզական եւ հակահետախուզական ստորաբաժանումներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող եւ բարձր որակավորում ունեցող ավագ սպայական կազմի ծառայողներին ավելի երկար ծառայելու հնարավորություն տալու հանգամանքով: Առաջարկվում է հնարավորություն տալ նրանց շարունակելու պաշտոնավարել առավելագույնը եւս 10 տարի, ինչի արդյունքում իրենց հարուստ փորձը կփոխանցեն երիտասարդ կադրերին, եւ հետագայում դյուրին կլինի ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր եւ ավագ խմբի պաշտոնների համալրումը բանիմաց եւ փորձառու կադրերով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված բոլոր օրինագծերին՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգեց երկրորդ ընթերցման ներկայացված «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի, «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթի քննարկումը:

Նույն օրը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկեց Գալուստ Սահակյանի, Հովհաննես Սահակյանի, Արտակ Զաքարյանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է օրենսգրքի 169.8-րդ հոդվածի 3-րդ մասի «սոցիալական ապահովության քարտը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը» բառերով:

Պատգամավորի խոսքով՝ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 2012 թվականի հունիսի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել «Սոցիալական ապահովության քարտի մասին» ՀՀ օրենքը: Չնայած դրան՝ նույն օրենքի համաձայն պարտադիր է հանրային ծառայությունների համարանիշի պարտադիր առկայությունը: Սակայն, եթե քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ եւ չի ստացել նույնականացման քարտ, ապա պետական ռեգիստր վարող մարմինը վերջինիս տրամադրում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք , որի հիման վրա պետական մարմինները ապահովում են քաղաքացու իրավունքների իրացումը, իսկ դրանցից որեւէ մեկի չներկայացնելու դեպքում գործատուն ազատվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենգրքի 169.8 հոդվածի 3-րդ մասով նախատեսված աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից:

Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն՝ ընդգրկվելու Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 9-12-ի քառօրյա նիստերի օրակարգում:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am